Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան):
Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգագետ, Զանգի, Իլդարու, Իլդարունիա։
Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։
