Բազմացում: Անսեռ բազմացում: Սեռական բազմացում:

Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկանիշներից է բազմացումը:

Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին: Բազմացման արդյունքում ավելանում է օրգանիզմների թվաքանակը: Սակայն ավելի կարևոր է այն, որ բազմացման արդյունքում տվյալ օրգանիզմի հիմնական հատկանիշները մշտապես պահպանվում են, քանի որ միշտ փոխանցվում են սերնդեսերունդ:
Օրգանիզմի կայուն հատկանիշների ամբողջությունը կոչվում է ժառանգական տեղեկատվություն:
Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերնդեսերունդ կոչվում է բազմացում:
Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝

1. Անսեռ բազմացում
2. Սեռական բազմացում

Անսեռ բազմացում: Ինչպես արդեն գիտենք, բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:
Նոր բույսի զարգացումը բուսական վեգետատիվ օրգաններից կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը բնորոշ է ծաղկավոր բույսերի հիմնական մեծամասնությանը և որոշ կենդանիների` աղեխորշավոր հիդրային, տափակ որդերին: Մի շարք բույսերին բնորոշ է նաև սպորներով բազմացումը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում` սպորանգիումում: Հողի մեջ սպորը ծլում է և նրանից սկսում է աճել նոր և ամբողջական բույս: Սպորներով կարող են բազմանալ` մամուռները, պտերները, սնկերը, գետնամուշկերը:

Սեռական բազմացում: Դուք արդեն ծանոթացել եք բույսի գեներատիվ օրգաններին: Դրանք բույսի սեռական բազմացումը ապահովող և դրա արդյունքում առաջացող օրգաններն են: Բույսի սեռական օրգաններում` ծաղիկներում, ձևավորվում են հատուկ, մյուս բջիջներից տարբերվող բջիջներ: Դրանք սեռական բջիջներն են:
Օրգանիզմի սեռական օրգաններում առաջացող բջիջները կոչվում են սեռական բջիջներ կամ գամետներ:Սեռական բջիջները լինում են երկու տեսակի` արական և իգական: Սեռական բազմացման իրականացման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլում:Սեռական բջիջների միաձուլումը կոչվում է բեղմնավորում:Նոր օրգանիզմի առաջացումը բեղմնավորմամբ կոչվում է սեռական բազմացում:Եթե օրգանիզմն ունի և՛ արական, և՛ իգական սեռական բջիջներ, ապա նա կոչվում է հերմաֆրոդիտ (կաղնին, եգիպտացորենը, վարունգը, ձմերուկը):Եթե օրգանիզմն ունի կամ արական, կամ իգական սեռական բջիջներ, ապա նա բաժանասեռ է (բարդին ուռենին, չիչխանը, դափնին):

Կենդանիների գերակշռող մասը բազմանում է սեռական եղանակով:

Անսեռ բազմացման ժամանակ մի բույսից առաջանում է նոր բույսը, որն առանց բացառությունների նույնական է ծնողական ձևի հետ: Սեռական բազմացման ժամանակ նոր առաջացած կենդանին պահպանում է օրգանիզմի հիմնական հատկանիշները, բայց տարբերվում է նրանցից: Այդ պատճառով մենք նման ենք մեր ծնողներին, սակայն նրանց կրկնօրինակումը չենք: Կարելի է կռահել, որ ի տարբերություն անսեռ բազմացման, սեռական բազմացման արդյունքում մեծանում է օրգանիզմների բազմազանությունը: Չէ՞ որ մենք բոլորս ինքնատիպ ենք և տարբերվող: Սեռական բջիջների միաձուլումով առաջանում է նոր օրգանիզմի սաղմը: Այն գտնվում է բույսերի սերմում և դրա գլխավոր մասն է հանդիսանում: Սերմը և սաղմը հուսալիորեն պաշտպանված են` գտնվելով պտղի մեջ: Սերմը արտաքինից պատված է սերմնամաշկով, որը նրան պաշտպանում է անբարենպաստ ազդեցությունից: Կարելի է հեշտությամբ առանձնացնել լոբու սերմերի սերմնամաշկը: Սաղմը ապագա օրգանիզմն է կենդանի, բայց դեռևս չզարգացած վիճակում: Էնդոսպերմը գոյացություն է, որը պարունակում է հարուստ սննդանյութեր, որոնց հաշվին սերմի սաղմը ծլում է հողում: Շաքիլը սերմի ներքին տարածությունը լցնող միավոր է: Սերմի ծլման համար անհրաժեշտ է խոնավությունօդ, +15°C/+20°C ջերմաստիճան: Այդ պայմաններում հողում սերմնամաշկը պատռվում է, էնդոսպերմը սնուցում է սաղմի զարգացումը: Սաղմնային արմատիկից դեպի հողի խորքերը աճում է բույսի արմատը, իսկ սաղմնային ցողունիկից դեպի երկրի մակերևույթ` բույսի ցողունն ու ընձյուղները: Էնդոսպերմի սննդանյութերը բավարարում են մինչև բույսի ինքնուրույն սննդառությունը:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s