27.04.23

Վահան Թոթովենց: Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։ֆ

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

    Քարավան– Բեռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհի (անապատի, տափաստանի ևն) համար կազմված խումբ:

    Թաղիքե-Թաղիքից պատրաստված:

    Աղերսական-Աղաչական, թախանձական, պաղատական

    Աբա-Խիտ գործված՝ բրդյա կտոր:

    Հառել-Ձգել, մեկնել, երկարացնել:

    Ճիտ-Վիզ, պարանոց:

    Թամբ-Ձիու՝ Էշի՝ ջորու մեջքին դրվող նստելու հարմարանք հեծյալի համար:
  2. Բնութագրիր անապատի մարդկանց:

    Անապատի մարդիկ զուսպ էին, համեստ, հարգող և հարգված, նրանք օգնող էին, միամիտ, և բարեհամբույր:
  3. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:

    Ինձ թվում է ուղտը ինչպես և մարդիկ կարող է հոգնել, և միգուցե նա ուզում էր ուղղակի հանգստանալ, կամ էլ նա կարծես ցույց էր անում և այլևս չէր ուզում բեռ տանել հեռավոր, բայց թեկուզ հարազատ անապատ:
  4. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:

    Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։
  5. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:

    Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն “գեղեցկություն” բառից: Ուղտը կարող է ուտել ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչմի դեպքում չեն վնասվում: Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր խմել, իսկ խմելիս էլ մինգամից 200 լիտր ջուր խմել։Նրանք կարող են փակել իրենց քթանցքները` պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:Ուղտը կարող է գրեթե առանց կերի ու ջրի օրեր շարունակ քայլել կիզիչ արևի տակ՝ օրական հաղթահարելով 80–90 կմ ճանապարհ: Նրանց կյանքի տևողությունը 35–40 տարի է: Լինում է նաև ուղտերի գեղեցկության մրցույթ։ Այդ փափկամազ ուղտերն իրականում շատ ուժեղ են և զբաղվում են ըմբշամարտով: Թուրքիայի Էգեյան ծովի մոտակայքում հունվար ամսվա յուրաքանչյուր երրորդ կիրակի օրը նրանց հանում են իրար դեմ: Ուղտերին հագցնում են վառ գույնի հագուստ, որի վրա փայտյա թմբեր կան: Նրանց խելացնոր անուններով են կոչում, օրինակ` Օբամա, Ռեմբո, Սև Ալի։ Կռվից մի օր առաջ ուղտերին փողոց են հանում քայլերթի:
  6. Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:

    Ուղտաբեռ, ուղտանուծական, ուղտաբուրդ, ուղտագույն, ուղտահեծյալ
    Ուխտաբար, ուխտադիր, ուխտանաց, ուխտադավ
Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s