Չնայած 2005 թվականի հոկտեմբերի 22-ին լրանում է հանճարեղ Կոմիտասի մահվան 70 տարին, այդուհանդերձ, նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Երախտապարտ հայերի՝ կոմպոզիտորի հանդեպ տածած մեծ սիրո մասին են վկայում արդի Հայաստանում Կոմիտասի անունը կրող մի շարք հաստատություններ, կոլեկտիվներ։ Երևանցիների սիրած վայրերից մեկը Մ.Մազմանյանի նախագծով ստեղծված Կոմիտասի անվան զբոսայգին է, որը գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի՝ Արշակունյաց փողոցի վրա։ Այգում կան մանկական զվարճալի ատրակցիոններ, գեղեցիկ կանաչ ծառուղիներ։ Այն Երևանի տեսարժան վայրերից մեկն է։ Կոմիտասի անվան այգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի հայտնի գործիչների՝ երաժիշտների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, դերասանների աճյունները։ Ընդարձակ ծառուղու երկայնքով վեր են խոյանում Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Հրաչյա Ներսիսյանի և այլոց հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը տվյալ գործչի կյանքի ու գործունեության խոսուն վկան է։ |